Միջազգային առևտրային հաշվապահական տերմիններ

Միջազգային առևտրային տերմիններ


Ապրանքների միջազգային վաճառքի պայմանագրերում լայնորեն կիրառվում են ստանդարտ հաշվապահական  տերմիններ, որոնք հստակեցնում են արտահանողի և ներմուծողի միջև ծախսերի ու պատասխանատվության բաշխումը տրանսպորտային տեղափոխման հետ առնչվող բոլոր ոլորտներում։Այդ տերմինները հայտնի են Ինկոթերմս անվամբ և մշակվել ու առաջին անգամ հրապարակվել են դեռևս 1936թ–ին Միջազգային առևտրային պալատի կողմից։



Հետագայում դրանք բազմիցս վերամշակվել են՝ հաշվի առնելով պրակտիկայի, ինչպես նաև տրանսպորտային տեղափոխման միջոցների փոփոխությունները։ Ներկայումս գործում է Ինկոթերմսի 2010թ–ի խմբագրությունը։



EXW


Առաքման պայմանագիրը համարվում է կատարված, երբ վաճառողը ապրանքը տեղակայում է իր տարածքում (պահեստում, գործարանում կամ այլ նշված վայրում)՝ ի տնօրինություն գնորդի։ Վաճառողը պարտավոր չէ իրականացնել արտահանման մաքսազերծումը կամ տրանսպորտային միջոցի վրա ապրանքի բեռնումը։ Դրանով իսկ՝ EXW–ի դեպքում վաճառողը կրում է նվազագույն պատասխանատվություն, և գործնականում բոլոր ծախսերն ու ռիսկերը բաժին են ընկնում գնորդին։ Սակայն, եթե կողմերը ցանկանում են, որ վաճառողն իրականացնի նաև ապրանքի բեռնումը՝ կրելով դրա հետ կապված բոլոր ծախսերն ու ռիսկերը, ապա այդ մասին պետք է հստակ նշվի վաճառքի այմանագրում։ Նման դեպքերում ”EXW loaded” ձևի կիրառումը խորհուրդ չի տրվում, քանի որ հստակ չէ՝ արդյո՞ք աճառողը կրում է ապրանքի բեռնման միայն ծախսերը, թե նաև ռիսկերը։
EXW պայմանը չպետք է կիրառվի այն դեպքում, երբ գնորդը չի կարող իրականացնել արտահանման մաքսազերծումը։ Այդ դեպքում նախընտրելի է FCA պայմանի կիրառումը, եթե, իհարկե, վաճառողը համաձայն է իրականացնել ապրանքի բեռնումը իր հաշվին և իր ռիսկով։


FCA


Կիրառելի է տրանսպորտային տեղափոխման բոլոր եղանակների համար՝ օդային, երկաթուղային, ավտոճանապարհային, ինչպես նաև կոնտեյներային/բազմամոդալ տեղափոխման դեպքում։ Կախված նրանից, թե որտեղ է գնորդի կողմից նշված վայրը՝ վաճառողի պարտականությունը ապրանքի բեռնման և բեռնաթափման առումով տարբեր է։ Եթե ապրանքը գնորդին է տրամադրվում վաճառողի տարածքում, ապա վաճառողը պարտավոր է իրականացնել դրա բեռնումը։ Եթե ապրանքը տրամադրվում է որևէ այլ վայրում, ապա վաճառողը պատասխանատու չէ ապրանքի բեռնաթափման համար։


FAS


Կիրառելի է միայն ծովային տեղափոխման դեպքում։ Առաքման պայմանագիրը համարվում է կատարված, երբ վաճառողը ապրանքը տեղակայում է առաքման նավահանգստում, նավամատույցին։ Այդ պահից բոլոր ծախսերն ու ռիսկերը կրում է գնորդը։ Շեշտենք, որ արտահանման մաքսազերծումը կատարում է վաճառողը։


FOB


Կիրառելի է միայն ծովային տեղափոխման դեպքում։ Առաքման պայմանագիրը համարվում է կատարված, երբ ապրանքը տեղակայվում է նավի վրա։ Այդ պահից բոլոր ծախսերն ու ռիսկերը կրում է գնորդը։ Արտահանման մաքսազերծումը կատարում է վաճառողը։


CFR


Վաճառողը պարտավոր է կատարել մինչև նշանակման նավահանգիստ ապրանքի տեղափոխման ծախսերը, սակայն ապրանքի կորստի կամ վնասման բոլոր ռիսկերը փոխանցվում են գնորդին՝ առաքման նավահանգստում նավի վրա բեռի տեղակայվելուց հետո։ Վաճառողը պարտավոր է իրականացնել ապրանքի արտահանման մաքսազերծումը։ Կիրառելի է միայն ծովային տեղափոխման դեպքում։


C խմբի պայմանների առանձնահատկությունը նրանում է, որ ապրանքի տեղափոխման ծախսերը և ապրանքի կորստի կամ վնասման ռիսկերը վաճառողից գնորդին են փոխանցվում տարբեր վայրերում։ Եթե ռիսկերը փոխանցվում են առաքման նավահանգստում, ապա ծախսերը՝ նշանակման նավահանգստում։


CIF


Վաճառողը պարտավոր է կատարել մինչև նշանակման նավահանգիստ ապրանքի տեղափոխման ծախսերը, սակայն ապրանքի կորստի կամ վնասման բոլոր ռիսկերը փոխանցվում են գնորդին՝ առաքման նավահանգստում նավի վրա բեռի տեղակայվելուց հետո։ Վաճառողը պարտավոր է իրականացնել նաև բեռի ծովային տեղափոխման ապահովագրությունը՝ հօգուտ գնորդի։ Նշենք, որ վաճառողը պարտավոր է ապահովել միայն ապահովագրության նվազագույն ծածկույթ։ Եթե գնորդը ցանկանում է հավելյալ ծածկույթ, ապա կա՛մ այդ մասին պետք է ուղղակիորեն պայմանավորվի վաճառողի հետ, կա՛մ իր հաշվին ձեռք բերի լրացուցիչ ապահովագրություն։


Ապրանքի արտահանման մաքսազերծումը իրականացնում է վաճառողը։
Կիրառելի է միայն ծովային տեղափոխման դեպքում։


CPT


Համարժեք է CFR-ին, սակայն նախատեսված է տեղափոխման բոլոր տարբերակների համար։ Վաճառողը պարտավոր է կատարել մինչև նշանակման վայր ապրանքի տեղափոխման ծախսերը, սակայն ապրանքի կորստի կամ վնասման բոլոր ռիսկերը փոխանցվում են գնորդին այն պահից, երբ ապրանքը հանձնվում է տրանսպորտային ընկերությանը։ Եթե ավելի քան մեկ տրանսպորտային ընկերություններ են մասնակցում ապրանքի տեղափոխմանը, ապա ապրանքը համարվում է առաքված այն պահից, երբ այն հանձնվում է առաջին տրանսպորտային ընկերությանը։ Այդ պահից բոլոր ռիսկերը փոխանցվում են գնորդին։ Ապրանքի արտահանման մաքսազերծումը իրականացնում է վաճառողը։
Կիրառելի է տեղափոխման բոլոր տարբերակների դեպքում։


CIP


Համարժեք է CIF-ին, սակայն նախատեսված է տեղափոխման բոլոր տարբերակների համար։ Վաճառողը պարտավոր է կատարել մինչև նշանակման վայր ապրանքի տեղափոխման ծախսերը, սակայն ապրանքի կորստի կամ վնասման բոլոր ռիսկերը փոխանցվում են գնորդին այն պահից, երբ ապրանքը հանձնվում է տրանսպորտային ընկերությանը։
Վաճառողը պարտավոր է նաև կատարել մինչև նշանակման վայր ապրանքի ապահովագրությունը։ Դարձյալ վաճառողը պարտավոր է ապահովել միայն ապահովագրության նվազագույն ծածկույթ։ Ապրանքի արտահանման մաքսազերծումը իրականացնում է վաճառողը։
Կիրառելի է տրանսպորտային տեղափոխման բոլոր տարբերակների դեպքում։


DAF


Ապրանքը համարվում է առաքված, երբ այն գնորդին է հանձնվում ժամանող տրանսպորտային միջոցի վրա՝ չբեռնաթափված, սահմանին, սակայն նախքան մյուս երկրի մաքսային սահմանը հատելը։ Իբրև սահման կարող է հանդես գալ ինչպես արտահանող երկրի սահմանը, այնպես էլ երրորդ երկրի սահմանը։ Արտահանողը պարտավոր է իրականացնել բեռի արտահանման, բայց ոչ ներմուծման մաքսազերծումը։
Կիրառելի է տրանսպորտային տեղափոխման բոլոր տարբերակների դեպքում, եթե ապրանքները պետք է առաքվեն ցամաքային սահման։ Այն դեպքում, երբ առաքումը պետք է կատարվի նավահանգիստ, ապա անհրաժեշտ է կիրառել DES կամ DEQ պայմանները։


DES


Ապրանքը համարվում է առաքված, երբ այն գնորդին է հանձնվում նավի վրա, նշանակման նավահանգստում։ Այդ պահից բոլոր ծախսերը և ռիսկերը անցնում են գնորդին։ Արտահանողը պարտավոր է իրականացնել բեռի արտահանման, բայց ոչ ներմուծման մաքսազերծումը։
Կիրառելի է ծովային տեղափոխման դեպքում, ինչպես նաև բազմամոդալ տեղափոխման
դեպքում, եթե բեռը առաքվելու է նավի վրա, նշանակման նավահանգստում։


DEQ


Ապրանքը համարվում է առաքված, երբ այն գնորդին է հանձնվում նավամատույցին, նշանակման նավահանգստում։ Վաճառողը պարտավոր է կրել բոլոր այն ծախսերն ու ռիսկերը, որոնք կապված են բեռը մինչև նշանակման նավահանգիստ հասցնելու, նավից բեռնաթափելու և նավամատույցում տեղակայելու հետ։ Այդ պահից բոլոր ծախսերը և
ռիսկերը անցնում են գնորդին։ Արտահանողը պարտավոր է իրականացնել բեռի արտահանման, բայց ոչ ներմուծման
մաքսազերծումը։
Կիրառելի է ծովային տեղափոխման դեպքում, ինչպես նաև բազմամոդալ տեղափոխման
դեպքում, եթե բեռը առաքվելու է մինչև նավամատույց, նշանակման նավահանգստում։


DDU


Ապրանքը համարվում է առաքված, երբ այն գնորդին է հանձնվում ժամանող տրանսպորտային միջոցի վրա՝ բեռնաթափված, ներմուծման երկրում, գնորդի կողմից նշված վայրում։ Վաճառողը պարտավոր է կրել բոլոր այն ծախսերն ու ռիսկերը, որոնք կապված են բեռը մինչև նշված վայրը առաքելու հետ՝ բացառությամբ ներմուծման համար մաքսազերծման։
Կիրառելի է տրանսպորտային տեղափոխման բոլոր տարբերակների դեպքում, բայց երբ
առաքումը կատարվելու է մինչև նշանակման նավահանգիստ՝ նավի վրա կամ
նավամատույցին, ապա ցանկալի է կիրառել DES կամ DEQ պայմանները։


DDP


Ապրանքը համարվում է առաքված, երբ այն գնորդին է հանձնվում ժամանող տրանսպորտային միջոցի վրա՝ չբեռնաթափված, ներմուծման երկրում, գնորդի կողմից նշված վայրում։ Վաճառողը պարտավոր է կրել բոլոր այն ծախսերն ու ռիսկերը, որոնք կապված են բեռը մինչև նշված վայրը առաքելու հետ՝ ներառյալ ներմուծման համար մաքսազերծումը։ Այսինքն՝ DDP–ի դեպքում վաճառողը կրում է առավելագույն պատասխանատվություն։
Կիրառելի է տրանսպորտային տեղափոխման բոլոր տարբերակների դեպքում։


Ներկա խմբագրությամբ Ինկոթերմսը ներառում է 13 տերմին, որոնք բաժանվում են 4 խմբի`


• E խումբ – մեկնում։


EXW – Ex Works (նշված վայր)։ Վաճառողը ապրանքը տրամադրում է իր
պահեստից։


• F խումբ – հիմնական տրանսպորտային տեղափոխումը վճարված չէ։


FCA – Free Carrier (նշված վայր)։ Վաճառողը արտահանման համար
մաքսազերծված ապրանքը տրամադրում է գնորդի կողմից նշված
տրանսպորտային ընկերությանը, գնորդի կողմից նշված վայրում։


FAS – Free Alongside Ship (նշված առաքման նավահանգիստ)։ Վաճառողը
արտահանման համար մաքսազերծված ապրանքը գնորդին է տրամադրում
առաքման նավահանգստում, նավամատույցին։
FOB – Free On Board (նշված առաքման նավահանգիստ)։ Վաճառողը
արտահանման համար մաքսազերծված ապրանքը գնորդին է տրամադրում
առաքման նավահանգստում, նավի վրա։


• C խումբ – հիմնական տրանսպորտային տեղափոխումը վճարված է։

CFR – Cost and Freight (նշված նշանակման նավահանգիստ)։ Վաճառողը
կատարում է մինչև նշանակման նավահանգիստ ապրանքի տեղափոխման
ծախսերը, սակայն տեղափոխման ռիսկերը անցնում են գնորդին այն
պահից, երբ բեռը տեղակայվում է նավի վրա առաքման նավահանգստում։
CIF – Cost, Insurance and Freight (նշված նշանակման նավահանգիստ)։ Ի
լրումն CFR պայմանների՝ վաճառողը պարտավոր է իրականացնել նաև բեռի
ապահովագրումը՝ հօգուտ գնորդի։