Ի՞նչ է Ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը

Ի՞նչ է Ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը

Ֆինանսական հաշվետվությունների վերլուծություն (կամ ֆինանսական վերլուծություն) ընկերության ֆինանսական հաշվետվությունների ուսումնասիրման և վերլուծության գործընթաց՝ ապագայում եկամուտ ստանալու համար ավելի արդյունավետ տնտեսական որոշումներ կայացնելու նպատակով: Այդ հաշվետվությունները ներառում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն, հաշվեկշիռ, դրամական հոսքերի հաշվետվություն, հաշվետվություններին կից ծանոթագրություններ և կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվություն (անհրաժեշտության դեպքում)։ Ֆինանսական հաշվետվությունների վերլուծությունը մեթոդ կամ գործընթաց է, որը ներառում է ռիսկերի, գործունեության արդյունքների, ֆինանսական վիճակի և կազմակերպության ապագա հեռանկարների գնահատման հատուկ մեթոդներ:

Այն օգտագործվում է տարբեր շահագրգիռ կողմերի կողմից, ինչպիսիք են վարկային և սեփական կապիտալում ներդրում անողները, կառավարությունը, հասարակությունը և կազմակերպությունում որոշում կայացնողները: Այս շահագրգիռ կողմերն ունեն տարբեր շահեր և իրենց կարիքների բավարարման համար դիմում են տարբեր մեթոդների։ Օրինակ, սեփական կապիտալում ներդրում անողները հետաքրքրված են կազմակերպության երկարաժամկետ եկամտաբերությամբ և, հնարավոր է, շահութաբաժինների վճարումների կայունությամբ և աճով: Պարտատերերը ցանկանում են ապահովել կազմակերպությունների պարտքային արժեթղթերի (օրինակ՝ պարտատոմսերի) տոկոսների և հիմնական պարտքի վճարումը սահմանված ժամկետում։

Ֆինանսական հաշվետվությունների վերլուծության ընդհանուր մեթոդները ներառում են ֆունդամենտալ վերլուծություն, Դյուպոնտի վերլուծություն, հորիզոնական և ուղղահայաց վերլուծություն և ֆինանսական գործակիցների օգտագործում: Պատմական տեղեկատվությունը, որը զուգորդվում է ֆինանսական տեղեկատվության հետ կապված մի շարք ենթադրությունների և ճշգրտումների հետ, կարող է օգտագործվել հետագա գործունեությունը պլանավորելու համար: Ֆինանսական վերլուծաբանի որակավորում կարող են ստանալ պրոֆեսիոնալ ֆինանսական վերլուծաբանները:

Ֆինանսական հաշվետվությունը նախատեսված է հետևյալ ֆինանսական հարցերին պատասխանելու համար

  • Բիզնեսը շահույթ բերո՞ւմ է, թե՞ վնաս է կրում, և որքա՞ն

  • Ինչպե՞ս են ակտիվները համեմատվում պարտավորությունների հետ,

  • Որտեղի՞ց է բիզնեսը ստացել իր կապիտալը, և արդյո՞ք այդ գումարները ճիշտ է օգտագործում,

  • Որքա՞ն է տվյալ ժամանակահատվածի կորուստների և եկամտի դրամական հոսքը,

  • Արդյո՞ք բիզնեսը ամբողջությամբ ներդրել է իր եկամուտը, թե դրա մի մասը վերադարձրել է պարտքատերերին,

  • Բիզնեսն ունի՞ բավարար կապիտալ ապագա աճի համար: